National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.03.2021
Առաջարկվում են պատմամշակութային արժեքների պահպանման գործընթացին եւ ներդրողին չվնասող օրենսդրական լուծումներ
1 / 7

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի «Ներդրումների խթանման հարցերով» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ մարտի 10-ին խորհրդարանում կայացավ քննարկում: Առանցքում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածում ու «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են:

Հանդիպմանը հրավիրված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչները:

Աշխատանքային խմբի ղեկավար Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները. առաջարկվում է օրենքի ընդունումից ի վեր պետական եւ համայնքային հողի վրա կառուցված ինքնակամ կառույցների օրինականությունն արգելել եւ օրենքի ուժով ճանաչել մինչ օրս կառուցված ինքնակամ կառույցների օրինականությունը ու պետական գրանցումը, եթե կառուցապատումն իրականացվել է Կառավարության որոշմամբ նախատեսված չափանիշներին համապատասխան: Բացառություն կկազմեն համապատասխան շինարարական թույլտվության փաստաթղթեր չունենալու դեպքերը:

Հաջորդ խնդիրն առնչվում էր տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանը: Հաճախ պետությունը թույլատրում է տնտեսվարող սուբյեկտին շինարարություն իրականացնել, սակայն ընթացքում պարզվում է, որ տարածքը հատուկ պահպանման է, եւ շինարարությունը դադարեցվում է: «Այդ իրավիճակն ուզում ենք բացառել, այսինքն՝ պետությունն ի սկզբանե ասի՝ սա հատուկ պահպանման տարածք է, թե ոչ: Եթե հատուկ պահպանման տարածք չէ, ապա շինարարությունը  թույլատրվում է եւ ընթացքում ոչինչ հնարավոր չէ փոխել: Իսկ եթե շինարարության ժամանակ հայտնաբերվում են հուշարձաններ կամ  հնագիտական արժեք ներկայացնող իրեր, ապա պեղումները կատարվեն տնտեսվարող սուբյեկտի կողմից՝ առանց շինարարությունը կասեցնելու»,-նշեց Բաղդասարյանը:

Ներդրումների աջակցման կենտրոնի ներկայացուցիչներն ահազանգում են՝ բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականություն չեն դառնում, քանի որ տնտեսվարողները բախվում են օրենսդրական խնդիրների: Պետք է գտնել համադրելի տարբերակ, որի արդյունքում չի տուժի ներդրողը եւ չեն վնասվի պատմամշակութային կոթողները: Նախարարության ներկայացուցիչները պնդեցին, որ ներդրումային ծրագիրն օրենսդրական որոշակի ընթացակարգերի պետք է բավարարի:

«Նախարարության կողմից արվում են սահմանափակումներ հուշարձանների պահպանության նպատակով: Ճիշտ չէ առաջնորդվել միայն ներդրողի շահով»,-փաստեց ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի  տնօրենի պարտականությունները կատարող Հովհաննես Սանամյանի խոսքով՝ հուշարձանի տարածքում միայն հուշարձանների պահպանման եւ վերականգնման աշխատանքներ պետք է իրականացվեն:

Հուշարձանների պահպանման գոտիների հստակեցմանը եւ շինությունների տվյալների բազան էլեկտրոնային հարթակ տեղափոխելուն անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Մուրադյանը:

ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը կարեւորեց օրենսդրական լուծումները, որոնք չեն վնասի ոչ ներդրողին, ոչ պատմամշակութային արժեքների պահպանման գործընթացին: Նա առաջարկեց խնդրին լուծում տալ օրենսդրական ճանապարհով եւ կոնկրետ դեպքերի ուսումնասիրմամբ: «Տնտեսվարողը հստակ պետք է իմանա, թե ինչ սահմանափակումներ կան այդ տարածքում»,-ասաց պատգամավորը:

Կադաստրի վկայականում հողի կատեգորիան նշելու առաջարկ հնչեց:

Ձեռք բերված փոխհամաձայնության արդյունքում եթե պետությունն արգելի տնտեսվարողին շինարարություն կատարել, ապա պետք է հատուցի ոչ միայն  վնասը, այլ նաեւ չստացված օգուտը:

Քննարկվեց այն հարցը, թե որն է ավելի վնաս պետությանը՝ թույլատրել կատարել շինարարությունը, թե՞ կասեցնել այն եւ փոխհատուցում տրամադրել: «Կա Իտալիայի եւ Ֆրանսիայի փորձը. թույլատրվում է այդ վայրերում շինարարություն իրականացնել, սակայն տնտեսվարող սուբյեկտի վրա դրվում է այդ հուշարձանները պահպանելու պարտականություն, այսինքն՝ ծախսերն իր վրա է վերցնում, սակայն միաժամանակ հարկային որոշակի արտոնությունից է օգտվում»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am